Sunday, 29 January 2012

Հնդկաստան

Մուսուլմանների քանակը     177,286,000 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն՝  14.6

Իսլամը Հնդկաստանում հայտնվել է դեռ 7-րդ դարում, երբ երկրի հարավարևմտյան ափերին` Մալաբարում /Ներկայումս Կերալա նահանգ/ հայտնվեցին արաբ վաճառականները:
Հնդկաստանի մուսուլմանները աշխարհում իսլամական երրորդ ամենամեծ համայնքն
են /Ինդոնեզիայից և Պակիստանից հետո/ և համարվում են աշխարհի կրոնական ամենամեծ փոքրամասնությունը: Հնդկաստանի մուսուլմանների մեծ մասն ազգությամբ հնդիկներ են, գերակշռում են սուննի-հանաֆիականները:
Հնդկաստանի շիաները 40-50 միլիոն են, մուսուլմանների մոտ 30%-ը, նրանց գերակշիռ մասը իսնաաշարիականներ են, շիաները զգալի քանակ են ներկայացնում Կարգիլում, Դելիում, Մումբայում /Բոմբոյ/, Հիդերաբադում, Բարաբանկիում, Նասերաբադում: Հնդկաստանի իսմայիլականները հիմնականում Մուսթաիլիներ` Բոհրա Դաուդիականներ են, իսմայիլիզմի այս ճյուղն ի հայտ է եկել 11-րդ դարում` Գուջարատում` Հնդկաստանի և Պակիստանի սահմանամերձ, Հնդկական Օվկիանիսի ափերի մոտ գտնվող նահանգում, սկզբնական շրջանում կենտրոնը գտնվել է Յեմենում, սակայն 16-րդ դարից սկսած այն տեղափոխվել է Հնդկաստան, ներկայումս նրանց կենտրոնը գտնվում է Մումբայում /նախկին Բոմբեյ/, համայնքի առաջնորդն է 52-րդ դաի Մուհամմադ Բուրհաննուդդինը: Իսմայիլական է նաև Խոջաների համայնքի մեծ մասը, մյուսները իսնաաշարիականներ և սուննի-հանաֆիականներ են:
Հնդկաստանում մեծ քանակություն են կազմում Ահմադիականները, նրանց մեծ մասն ապրում է Ռաջաստանում, Օրիսսայում, Հարյանայում, Բիհարում, Դելիում, Ուտտար Պրադեշում և Քադիանում:
Սուֆիական տարիկաներից տարածված են Շազիլիականությունը, Շիշտինիան, Նակշբանդիականությունը, Քադիրիականությունը, Սուհրաուարդիյյան և Շատտարիան, սուֆիներն ակտիվորեն զբաղվում են իսլամի տարածմամբ և հինդուիզմի հետևորդներին կրոնափոխության են դրդում: Շիշտիների ջանքերի արդյունքում վերջին տասնամյակներին Խանզադա նահանգի Ռաջպուտ կլանի անդամներն իսլամացվել են: Շատտարիա տարիկան 15-րդ դարում Իրանից տարածվել է Հնդկաստանի Ջաունպուր նահանգում: Ամենաշատ հետևորդներն ունի Շազիլիականությունը:
Այս երկրի մուսուլմանների մոտ 40%-ը բնակվում է երեք նահանգներում` Ուտտար Պրադեշում (30.7 միլիոն` նահանգի ընդհանուր բնակչության 18.5%) , Արևմտյան Բենգալում (20.2 միլիոն`25%) և Բիհարում (13.7 միլիոն`16.5%): Մուսուլմանների 11%-ը բնակվում է Մահարաշտրայում` կազմելով իսլամադավան 10.5 միլիոն մարդ: Մահարաշտրայից հարավ գտնվող Կարնատակայում ապրում է 6.5 միլիոն մուսուլման, իսկ դրանից արևելք գտնվող Անդհրա-Պրադեշում` մոտ 7 միլիոն: Լաքշադվեպի կղզիներում  մուսուլմանները բնակչության 93% են կազմում, Ջամմու և Քաշմիր նահանգում /այդ թվում Քաշմիրի` Հնդկաստանի կողմից տնօրինվող հատվածում/` 67%, Բանգլադեշի հյուսիս-արևելքում գտնվող Ասսամ նահանգում մուսուլմանները 31% են, երկրի հարավարևմտյան ափամերձ Կերալա նահանգում` 24.7%:

No comments:

Post a Comment